Այս օրերին քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մտադրությունն է: Քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ «Իրատես de facto»-ի հետ զրույցում նախ նկատեց, որ Սերժ Սարգսյանի` ՌԴ-ում հնչեցրած հայտարարություններն ամբողջովին ռուսական ճնշման հետևանք են:
-Նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ Սարգսյանին այդ տեքստերը հենց Մոսկվայում են հրամցվել, որոնք բավականին հղկված էին ու ռուսական քաղաքականության համատեքստում տեղավորվող,- մեկնաբանում է քաղաքագետը:- Բոլոր դեպքերում պիտի արձանագրել, որ Սերժ Սարգսյանը չկարողացավ տեղի չտալ ռուսական ճնշումներին, գերադասեց լուծել իր իշխանության կայունության հարցը: Մաքսային միության հայտարարությունն ուղղակի հակասության մեջ է մտնում Հայաստանի Սահմանադրության հետ, վտանգի տակ է դնում ինքնիշխանությունն ու անկախությունը: Այս առումով միանգամայն համամիտ եմ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դիպուկ ձևակերպմանը` Եվրազեսը խորհրդային կայսրությունը վերականգնելու ձև է: Ըստ էության, Սերժ Սարգսյանի հայտարարությունն անկախությունից հրաժարում է, կապիտուլյացիոն ակտ: Սրանով նաև շատ լուրջ ճգնաժամ առաջացավ ԵՄ-Հայաստան հարաբերություններում: Նախագահող երկրի` Լիտվայի արտգործնախարարը հայտարարեց, որ խաչ է քաշվում Հայաստանի եվրոպական հեռանկարի վրա: Եվրահանձնաժողովը բացատրություն պահանջեց իշխանություններից, թե ինչպես են համատեղելու: Մաքսային միության ու ազատ առևտրի գոտու համաձայնագրերը տրամագծորեն այնքան տարբեր են, որ Հայաստանը չի կարող երկուսին էլ մաս կազմել:
-Հետաքրքրական է, որ իշխանական որոշ ներկայացուցիչներ վստահեցնում են, թե ստորագրվելու է նաև ասոցացման համաձայնագիրը: Փաստորեն, Դուք «և-և» տարբերակը լրիվ բացառո՞ւմ եք:
-Հիմա արդեն այո, բայց եթե անգամ բացառված չէ, դա արդեն Հայաստանից կախված չէ: Եվրոպացիները պիտի որոշեն` ուզո՞ւմ են Հայաստանի հետ գործ ունենալ, թե՞ ոչ: Նման անվստահելի գործընկերոջ հետ, կարծում եմ, իրեն հարգող որևէ կառույց չի ցանկանա գործ ունենալ: Մեկ հանդիպման ընթացքում արտաքին քաղաքականության նման շրջադարձային փոփոխությունը խոսում է տվյալ երկրի իշխանության` ինքնիշխանության տարրական պատկերացումից զուրկ լինելու մասին: Միակ համակարգված հարցազրույցը տվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, որը բավականին խոցելի է: Հայաստանը կնախաստորագրի ասոցացման պայմանագիրն առանց ազատ առևտրային գոտու համաձայնագրի ստորագրման. այս միտքն է հնչում նրա հարցազրույցի տողատակում: Նախ առանց ազատ առևտրի համաձայնագրի ասոցացման համաձայնագիրը լրիվ կորցնում է իր իմաստը, որովհետև այդ երկուսը միասնական տրամաբանության մեջ են: Ոչ մի երաշխիք չկա նաև, որ եվրոպացիները կհամաձայնեն նման փոխզիջման:
-Տպավորությունն այնպիսին է, որ կարծես միայն Հայաստանին է պետք ԵՄ-ի մաս կազմել, Եվրոպայի համար Հայաստանը ոչ մի արժեք չունի՞, մեր «կորուստը» նրանց համար էական չէ՞:
-Իհարկե, արժեք ունի: Մեր հարևան երկիրը` Վրաստանը, բնականաբար, նախաստորագրելու և ստորագրելու է ասոցացման համաձայնագիրը, և ԵՄ-ն կցանկանար, որ տարածաշրջանում բաժանարար գծեր չառաջանային: Ի դեպ (այս միտքը ես չեմ ասել, այլ ՀՀ վարչապետը, փոխարտգործնախարարը), ընդհանուր սահմանի բացակայությունն իմաստազրկում է Մաքսային միության մաս կազմելը: Ռուսաստանի հետ գոնե մոտ ապագայում մենք ցամաքային կապ կարող ենք ունենալ Վրաստանով, իսկ այդ երկիրն ապրելու է մեկ սահմանային համակարգում, մենք` այլ: Այս պարագայում ինչպես ենք պատկերացնում մարդկանց, ապրանքների տեղաշարժը: Այս հարցին որևէ իշխանավոր պատասխան չի տալիս: Հայաստանի նախագահի անհեռատես հայտարարությունը տարածաշրջանում խնդիր է առաջացնելու: Մեր երկրի պատճառով տարածաշրջանում բաժանարար գծերը շատանում են: Եվրաինտեգրացիան Հայաստանի համար ոչ միայն արտաքին հեռանկարներ էր բացում, այլև ներքին բարեփոխումների իրական հնարավորություն ստեղծում: Եվրոպական հեռանկարի վիժեցումն ավելի է խորացնելու ավտորիտար միտումները, տնտեսությունն էլ ավելի օլիգարխիկ է դառնում: Առաջիկայում պիտի սպասենք նաև ոստիկանական ճնշումների և՛ քաղաքական ակտիվիստների, և՛ ընդդիմության նկատմամբ:
-Մաքսային միության անդամակցությամբ Հայաստանի ժողովրդավարությունը զգալի հետքա՞յլ է ապրում:
-Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը մեզ բերելու է քաղաքատնտեսական այն համակարգին, ինչն առկա էր Ռոբերտ Քոչարյանի օրոք: Սերժ Սարգսյանի կառավարման վերջին հինգ-վեց տարիներին ձնհալ, ազատություններ կային, թերթերը, կուսակցությունները սկսեցին օդ շնչել, որոշակի երկխոսության միտում կար իշխանության տեսակետին չհամաձայնող մարդկանց հետ:
-Մի պահ ենթադրենք, որ ոչ թե Մաքսային միությանն ենք անդամակցում, այլ նախաստորագրել ենք ԵՄ ասոցացման համաձայնագիրը: Ի՞նչ կարող էինք սպասել Ռուսաստանից, ճնշումներն ավելի մեծ չէի՞ն լինի, չէ որ եթե հաշվի չառնենք նաև այլ գործոններ, ապա Հայաստանի միայն տնտեսության ոլորտում Ռուսաստանը մեծ ներգրավվածություն ունի:
-Այստեղ որակի խնդիր կա: Երկու դեպքում էլ անկախության սահմանափակման խնդիր կա: Եվրոպայի պարագայում դու գործ ունես բարձր որակի չափանիշների, Ռուսաստանում` կոռուպցիոն համակարգի հետ: Եթե ինքնիշխանությունը զիջում ես, պիտի փոխարենը ստանաս որակ: Ռուսաստանը սնուցում է քո օլիգարխիկ համակարգը, երկիրդ ավելի է ընկղմվում ճահճի մեջ, ԵՄ-ի պարագայում նշաձողն ավելի մեծ է լինելու: Սերժ Սարգսյանը պարտավոր էր երկրում ստեղծել մի մթնոլորտ, որ հասարակությունը հավատար բարեփոխումներին, տեսներ դրական զարգացումների միտում և իշխանության շուրջ հասարակական համախմբում:
-Այդուհանդերձ, ճի՞շտ են եվրապաշտոնյաները, որ Հայաստանի հանդեպ շանտաժ է կիրառվել:
-Իհարկե: Այդ մասին խոսել են ԵՄ անդամ ինը երկրների արտգործնախարարներ, իսկ նրանք պատահական մարդիկ չեն, տիրապետում են ողջ գործընթացին, իրավիճակին: Ավելին, ԵԽ-ի արտաքին հանձնաժողովի նախագահ Բրոկը հրապարակավ հայտարարեց, որ ամիսներ առաջ Սերժ Սարգսյանն իրեն պատմել է Ռուսաստանի ճնշումների մասին:
-Ի՞նչ եք կարծում, այս իրավիճակում քաղաքական ուժերը, հասարակությունն ինչպիսի՞ նախաձեռնություններով պիտի հանդես գան:
-Հասարակությունն իշխանությունից մեծ ակնկալիքներ ունենալ չի կարող: Իշխանությունը իր մեջ պիտի ուժ գտնի ու խոստովանի ռուսական ճնշման մասին և հետ վերցնի հայտարարությունը: Սա գրեթե անհավանական է: Ընդդիմությունից` ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, ոչ մի բան չեմ սպասում, որովհետև նրանք վերջին երեք տարում ռուսական դաշտում են գործել, ու նրանց մոտեցումներն իշխանական դիրքորոշումից շատ քիչ են տարբերվում: Հայաստանի ազատական ուժերը, առաջին հերթին «Ժառանգությունը», պետք է կարողանան միասնական օրակարգ ձևակերպել` ապահովելով քաղաքական-հասարակական կոալիցիա, որ իշխանությունը հրաժարվի իր մտադրությունից: Եթե սա չստացվի, պիտի հնարավորինս շուտ այս իշխանությանը պատմություն դարձնել:
Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ